Աջակցության այլ ծրագրեր

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

Ծրագրի շրջանակում աջակցությունը կտրամադրվի հետևյալ չափերով՝

  1. ընտանիքի առաջին տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ,
  2. սկսած ընտանիքի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:

Միջոցառման իմաստով կարիքավոր ընտանիքներ են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55000 դրամից: Ընդ որում, մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ.

30.000 դրամ աջակցության ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար

Ծրագրի շրջանակում տրամադրվող սոցիալական աջակցության չափը կազմում է 30,000 դրամ։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է հետևյալ առանձին խմբերի համար. մինչև 18 տարեկան երեխաներ կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձիք, 63 և ավելի տարեկաններ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացողներկամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք:

Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիր

Ծրագրի շրջանակում Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով տրամադրվում է աջակցություն հետևյալ ուղղություններով՝

  • շահառուի բիզնեսի ուսուցման դասընթացներ՝ մինչև 300,000 դրամ,
  • շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցում՝ ամսական 60,000 դրամ,
  • գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2.0 մլն դրամը։ Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ։

Ղարաբաղից տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիր

Կառավարությունը կաջակցի Ղարաբաղից տեղահանված անձանց ձեռք բերել ինչպես մասնագիտական հմտություններ և կարողություններ, այնպես էլ աշխատանքային փորձ և աշխատանք։

Ծրագրով նախատեսվում է աջակցության 3 ուղղություն՝

  1. մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  2. աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  3. մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

Ղարաբաղից առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիր

Ծրագրի շրջանակում Ղարաբաղից առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում՝ վարկային ժամանակացույցին համապատասխան։