Նկարագրութուն
Դսեղը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Դեբեդ գետի աջափնյա սարահարթի վրա։ Բնակավայրի հեռավորությունը միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրաղու Վանաձոր-Ալավերդի հատվածից` 8կմ։ Համայնքի վարչական տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 829-2180մ բարձրության վրա, որը և հանգեցրել է կլիմայական պայմանների ընդգծված տարբերության ներքին, միջին և վերին հատվածներում։ Դսեղն աչքի է ընկնում համեմատաբար մեղմ և խոնավ կլիմայով։ Տարվա մեծ մասը գյուղը ենթարկվում է Միջերկրական և Սև ծովերի խոնավ օդային զանգվածների հոսքին, որոնք բերում են առատ տեղումներ։
Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ
Գյուղը հարուստ է բազմապիսի հուշարձաններով՝ վանքային համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, կոթողներ, կացարանների մնացորդներ, միջնադարյան գերեզմանոցներ և այլն։ Պահպանվել են վաղ միջնադարին վերագրվող բաղնիքի խճանկար-հատակը, բազիլիկ եկեղեցու (654թ.) ավերակները ազգագրական թանգարանով. Մամիկոնյան իշխանների հիմնադրած և 12դ. վերակառուցված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, խաչքարերով և կոթողով գերեզմանատունը (10-11դ.դ.), խաչարձաններ (11դ.)։ Գյուղի անմիջական հարևանությամբ են գտնվում Քառասունից Մանկանը (12դդ), և Մամիկոնյանների հիմնադրած Բարձրաքաշ Ս. Գրիգոր (11դ.դ.) վանքերը, Սիրուն խաչ խաչքարը (11դ)։Գյուղում գտնվող գերեզմանատանը կան բազում այլ խաչքարեր, հուշակոթող և 7րդ դարի մի փոքր բազիլիկ եկեղեցու ավերակները։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ։ Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, իսկ 20-րդ դարի սկզբին վերակառուցվել է։Գյուղի հարավ-արևելքում գտնվող Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում .Ծովեր կոչվող գեղեցիկ լիճը։