ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ 

Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագիր

Աջակցության մասին տեղեկատվություն

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  1. բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  2. անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  3. 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկի, ինչպես նաև հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տրամադրված՝ անշարժ գույքի գրավով սպառողական վարկի (այսուհետ՝ գործող հիփոթեքային վարկի) մարման աջակցության հավաստագրի տրամադրում։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

  • 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ՀՀ առանձին բնակավայրերի ցանկի հավելված 2),
  • 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը  վերոնշյալ 242 բնակավայրերից բացի՝ ՀՀ ցանկացած այլ մարզային բնակավայրում,
  • 3 մլն դրամ՝ Երևան քաղաքում՝ բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
  • 2 մլն դրամ, եթե մայիսի 16-ի դրությամբ ունեք գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի, իսկ 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունենալու դեպքում՝ աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։

Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները։ 

 

Բնակելի տան կառուցման առանձնահատկություններ՝

  • հավաստագրի իրացումն իրականացվում է կամ անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի կամ լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատական բնակելի տների կառուցումն իրականացվում է անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջոցով (բնակելի տների կառուցման օրինակելի նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ),
  • եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 4 մլն (եթե հասանելիք աջակցության չափի և հողամասի արժեքի տարբերությունը պակաս չէ հասանելիք աջակցության չափի 80 տոկոսից) կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը։

 

Ծրագրի շահառուներն ու հիմնական պայմանները`

  • 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո Ղարաբաղից տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասներն ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն,
  • ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը ընտանիքի 1 անդամի հաշվով չպետք է լինի 9 մ2-ից պակաս,
  • ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը,
  • ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից (գործընկեր բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ),
  • ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարը և դրա տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը,
  • եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝
    • գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ,
    • ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ, որն ավելացվում է ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով՝ 800 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը,
    • կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ, որն ավելացվում է ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով՝ 400 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը։

Հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Ղարաբաղից տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե՝

  • 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ իրավունքի իրացման փաստից,
  • ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։

 

Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքը պարտավորվում է վերոնշյալ պայմանը խախտած ընտանիքի անդամներին հասանելիք աջակցության գումարի չափով իրականացնել վարկերի ամսական մարումներ։

 

Ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 1-ից կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում www.housing.socservice.am հարթակում.

  • առաջին բաղադրիչի՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի ստացման համար դիմումի լրացման ուղեցույց
  • երկրորդ բաղադրիչի՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի ստացման համար դիմումի լրացման ուղեցույց
  • երրորդ բաղադրիչի՝ գործող հիպոթեքային վարկի մարման հավաստագրի ստացման համար դիմումի լրացման ուղեցույց

Հավաստագրերի գործողության ժամկետը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն է։

Ծանոթագրություն

  • *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,
  • նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան,
  • դիմումի՝ հաջողությամբ մուտքագրվելու վերաբերյալ ծանուցումը շահառուն կստանա անմիջապես։ Եթե կան դաշտեր, որոնք ամբողջական լրացված չեն, ապա «Հաստատել» կոճակը սեղմելուն պես՝ հարթակի համապատասխան դաշտերում կհայտնվեն նշումներ և դիմումատուն կկարողանա վերանայել իր մուտքագրած տվյալները։
Ի՞նչպիսի տեղեկատվություն է տրամադրում bnakavayr.am հարթակն ու ի՞նչպես օգտվել կայքի հնարավորություններից։

Այլ հոլովակներ

ՀՀ քաղաքացիության տրամադրման պարզեցված ընթացակարգ Ղարաբաղից տեղահանվածների համար