Ոսկեվան գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռու, ծովի մակարդակից 930 մ բարձրության վրա։ Հայտնի է իր բնությամբ, աղբյուրներով:
Ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է։ Ոսկեվանի ճանապարհներն ասֆալտապատ են։ Գյուղում կան պտղաբեր հանդեր։ Ոսկեվան գյուղում ծրագրավորման կենտրոն է հիմնվել, որտեղ հնարավորություն է տրվում անվճար ծրագրավորում սովորել։
Որոտանը գտնվում է ծովի մակարդակից 750-800 մ բարձրության, Կապանից 79 կմ հեռվարության վրա։ Գյուղը Գորիսի տարածաշրջանի կենսունակ բնակավայրերից է։
Որոտանում գործարկվել է հացի թխման նոր արտադրամաս, որի հացը կառաքվի նաև Շուռնուխ և Բարձրավան բնակավայրեր։ Այստեղ բացվել է մանկական կենտրոն, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Լուծված է գյուղի լուսավորության հարցը։ Վաղատինում բացված նոր կրթահամալիր կհաճախեն նաեւ Որոտանի աշակերտները: Կառավարությունը անվճար կապահովի երեխաների փոխադրումը:
Որոտնավան գյուղը գտնվում է Որոտան գետի բարձրադիր ձախ ափին՝ ծովի մակարդակից 1360-1460 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հարավ-արևելք։
Որոտնավանում ջրագիծ է անցկացվել, լուծվել է ոռոգման և խմելու ջրի հարցը։ Վերանորոգվել է Որոտնավանի մանկապարտեզը, երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանի գույքը։
Ուժանիսը գտնվում է Կապան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1080-1160 մ բարձրության վրա։ Գյուղն ունի 26 տնտեսություն։
Գյուղում այծաբուծարան է հիմնադրվել, վերագործարկվել է ֆերման․ սա նոր աշխատատեղերի հնարավորություն է տվել գյուղին։ Ուժանիսում անվճար են օգտվում էլեկտրաէներգիայից, այստեղ նաև տեղադրել են արևային ջրատաքացուցիչներ։ Կառավարության ու միջազգային դոնորի համագործակցության արդյունքում համայնքին մոտոբլոկներ ու խոտհնձիչներ են տրամադրվել։
Ուղեձոր բնակավայրը գտնվում է ՀՀ Վայոց Ձոր մարզում, Սարավանից 4 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1600-1720 մ բարձրության վրա։
Գյուղը չորս կողմից շրջապատված է արոտավայրերով։ Առատ խոտի պատճառով հարակից գյուղերից սեզոնին մինչև 20 տնտեսություն գալիս և անասնապահությամբ են զբաղվում այստեղ։ Կլիման նպաստավոր է կերային մշակաբույսերի աճեցման համար։
Ույծ գյուղը գտնվում է Սիսիան գետի ափերին՝ ծովի մակարդակից 1560-1600 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է 1-2 կմ դեպի հարավ-արևելք։
Ույծ բնակավայրում գերժամանակակից, մոդուլային դպրոց է կառուցվում։ Գյուղում կա ՀԷԿ։ Վերջերս վերականգնվել և բարեկարգվել է Ույծի 17-րդ դարի եկեղեցին։
Ուռուտ բնակավայրը գտնվում է Լոռի Բերդ համայնքում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ հյուսիս, Ուռուտ գետի հովտում։ Ծովի մակարդակից բարձր է 1450 մ:
Բնակավայրի կլիման ձմռանը խստաշունչ է, ամռանը՝ զով: Ուռուտ բնակավայրը ունի բավականին գեղեցիկ ու հետքրքիր ծառատեսակներով և բուսատեսակներով հարուստ անտառներ, որոնք կարող են հետաքրքրել բուսասեր զբոսաշրջիկներին, հատկապես մայիսին՝ եղևնիների փոշոտման շրջանում։
Ուրասար բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 10 կմ դեպի արևմուտք։ Ծովի մակարդակից բարձր է 1525 մ: Ուրասար բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
բնակավայրը անտառամերձ է, հիմնականում սոճիներով շրջապատված, առկա են մաքուր ջրաղբյուրներ։ Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Ուրցալանջ գյուղը Արարատի մարզի բարձրադիր գյուղերից է, մարզկենտրոնից գտնվում է 53 կմ հեռավորության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ունի սառնորակ աղբյուրներ։ Բնակավայրն ունի բարվոք ջրամատակարարման և լուսավորության համակարգեր։ Ուրցալանջում կառուցվել է նոր թաղամաս՝ նոր տներով։
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Գյուղի տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ։ Ուրցալանջում զբաղվում են նաև խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Չափնի գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ Կապան քաղաքից մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1000-1140 մ բարձրության վրա։
Գյուղում գործում է մարզկենտրոն տանող ավտոբուս։ Չափնի գյուղում յուրաքանչյուր բնակիչ ստանում է ամսական 40.000 ՀՀ դրամ ԶՊՄԿ-ի կողմից, որպես նվիրատվություն։ Չափնիում վերանորոգվել է ոռոգման ջրագիծը։ Իրականացվում են նաև ակումբի շենքի վերականգնման աշխատանքներ։
Չինարի գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 750 մ։ Որպես առանձին բնակավայր հիշատակվում է 1880 թվականից։
Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, լուծված է խմելու, ոռոգման ջրի հարցը։ Ճանապարհների վիճակը՝ բավարար։ Գյուղն ունի առանձնացված հանգստյան գոտի՝ լողավազանով, որտեղ գյուղացիներն անվճար կազմակերպում են իրենց հանգիստը։
Չինարիում հիմնվել է հատուկ հիմնադրամ, որի միջոցով ներդրումներ են արվում գյուղում: Պլանավորվում է նոր մանկապարտեզ բացել։
Չինչին գյուղն ընկած է ՀՀ պետական սահմանից 10 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1290 մ բարձրության վրա:
Ապահովված է խմելու, ոռոգման ջրով, գազաֆիկացված է։ Վերանորոգվել է մշակույթի տունը։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն։
Չինչինում ընթացքի մեջ է խոշոր ծրագիր, որն իր մեջ ներառում է գյուղական տուրիզմի զարգացումը։ Այն ենթադրում է բնակիչների տան բակերում հյուրատների կառուցում, ինչի շնորհիվ ընտանիքը կստանա իր արտադրանքը վաճառելու հնարավորություն և կունենա կայուն եկամուտ: